Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էին ստեղծագործական անձնակազմը: Այս մասին հայտնում են «Շարմ» ընկերությունից։
Մուտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան` հայկական մուլտարտադրությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի:
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:
Մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը:
«Մենք պահպանել ենք հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել»,- ասել է Դավիթ Սահակյանցը:
Հեքիաթում կրկին բարու և չարի հավերժական պայքարն է. չար հերոսներն իրենց մարմնավորումն են ստացել Ազարի և Էնվերի կերպարներում:
Գործող անձանց շարքերում են նաև գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը:
Փոխանցվում է նաև, որ Երևանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրվի միջազգային հեղինակավոր փառատոններում: