Սեպտեմբերի 8-ին «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանում» (Jambo Exotic Park & Restaurant)  տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին ներկա էին բազմաթիվ հանրահայտ և սիրված դեմքեր: Համերգի կազմակերպիչներն են «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանի» տնօրեն Արտյոմ Վարդանյանը, նրա ընկեր` կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, «Հայ մայրեր» ՀԿ-ն, ինչպես նաև միջոցառման ինֆորմացիոն հովանավոր՝ «Հայկական տեղեկատվական կենտրոնը» (Armenian Information Center): 

Հանդիպում-համերգը, ինչպես այն անվանեց Արմեն Մարտիրոսյանը, վառ էր գույներով և ջերմ զգացմունքներով: Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և այլոք: Երեխաներին իրենց ներկայությամբ ուրախացրեցին հայ հայտնիներից՝ Եվա Ռիվասը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Մայիլյանը, Ալլա Լևոնյանը, Միքաել Պողոսյանը և այլոք: 

Անչափ կարևոր է նման միջոցառումների իրականացումը, նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Yerevannews.am-ի հետ զրույցում: Նախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ այսպիսի խնդիրների լուծմանն ընդգրկվում է ամբողջ հասարակությունը և գործում կամավորության սկզբունքով: Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այսպիսի միջոցառումներին մասնակցելը խղճի խնդիր է, այլ ոչ թե ստատուսի: Նման գեղեցիկ գործերը պետք է ամրապնդվեն հասարակության մեջ և դառնան դրա մի մասնիկը:

Ամբողջ միջոցառման ընթացքում երեխաներին ուղեկցում էր երգն ու պարը, խինդն ու ուրախությունը: Մանուկները ստացան բազմաթիվ նվերներ: Անմասն չմնաց նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը խոստացավ մեկ տարվա ընթացքում հոգալ «Հայ մայրերի» 150 շահառու երեխաների մեկանգամյա բուժման ծախսը: Այսօր մենք տեղեկացանք, որ միջոցառման ընթացքում հավաքվել է ավելի քան 1.400.000 դրամ գումար, որի շնորհիվ անհրաժեշտ վիրահատության շատ շուտով կենթարկվի Մարի անունով փոքրիկը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում: