Երբ Դաշնակցությունը որոշում ունենա Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ, այն կհրապարակի: Այս մասին YerevaNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, ըստ որի ՀՅԴն սեփական ցուցակով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և այն գլխավորելու է Արմեն Ռուստամյանը:
Արսեն Համբարձումյանն ասաց, որ այս պահին դեռ որոշում չունեն դաշինքով են մասնակցում, թե առանձին ցուցակով և նշեց.«Առիթ ունեցել ենք ասելու, մինչև շաբաթվա վերջ կարծում եմ վերջնականապես պարզ կլինի միասնական ձևաչափով գնալու հնարավորության հարցը և ըստ այդմ վերջնական որոշում կկայացվի»:
Այն հարցին, թե ինչպիսի՞ն է Դաշնակցության վերաբերմունքը ԲՀԿ-ի այն հայտարարության վերաբերյալ, որ նրանք պատրաստ են համախմբում տեսնել ԲՀԿի առանցքի շուրջ՝ Արսեն Համբարձումյանն ասաց.«Միայն մի բան կարող եմ ասել, որ Դաշնակցությունը երբևէ որևէ անձի կամ կուսակցության առանցքի շուրջ չի միավորվել և հետայսու էլ նման խնդիր չկա: Եթե խոսքը վերաբերվում է որոշակի նպատակի, որոշակի գաղափարների դա այլ խնդիր է, բայց կուսակցության առանցքի շուրջ համախմբվել Դաշնակցությունը չի պատրաստվում»:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»ն իր այսօրվա համարում գրել էր, որ ՀՅԴ ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը։