Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Հրատապ լուծում են պահանջում նաև ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են: