Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Հանրային աջակցության կլինիկայի միջազգային կապերի վարչության պետ Հերվե դ’Օրիանոյի և նույն կլինիկայի բժշկական կոմիտեի գլխավոր քարտուղար Միշել Զիմառատոյի հետ։ Հյուրերը ներկայացրել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ համագործակցության մանրամասներն ու հեռանկարները։

Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգանյանի անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի և այդպիսով նաև Երևանի ու Մարսելի միջև համագործակցության գործում արձանագրվող ևս մեկ գործուն քայլի համար։
«Երևանի և Մարսելի միջև համագործակցության պայմանավորվածությունները վավերացվելուց ի վեր գործնական քայլեր ենք արձանագրում։ Դրա վառ ապացույցն է նաև վերջերս Մարսելից Երևան ուղարկված անվասայլակների ու բուժսարքավորումների խմբաքանակը, որ արդեն տրամադրել ենք հասցեական։ Համոզված եմ, որ այս այցը ևս կլինի մեր երկու քաղաքների միջև համագործակցության ներուժի առարկայական ապացույցը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Մարսելի հանրային աջակցության կլինիկայի միջազգային կապերի վարչության պետ Հերվե դ’Օրիանոն ներկայացրել է, որ իրենց կլինիկաների ցանցն ավելի քան 20 տարվա համագործակցության հաջողված փորձ ունի Հայաստանի շուրջ տասնյակ կլինիկաների հետ։

«Ծրագիրը, որ նախաձեռնել ենք Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետ, կարելի է ասել՝ հորիզոնական համագործակցություն է, քանի որ, այցի օրերին լինելով կլինիկայում, տեսանք բավականին բարձրակարգ բուժանձնակազմ և լավ տեխնիկայով հագեցած կլինիկա։ Վստահ ենք, որ լավ հիմքի վրա կառուցվելիք վերապատրաստման ծրագրերը սպասվածի չափ արդյունավետ կլինեն։ Ծրագրել ենք ինչպես փոխայցեր, այնպես էլ տեսակոնֆերանսների անցկացում»,- նշել է Հերվե դ’Օրիանոն։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը ևս Դավիթ Օհանյանին է ներկայացրել համագործակցության ծրագրային մանրամասներ և նշել, որ համագործակցությունը ներառելու է խարհրդատվություն՝ բարդ հիվանդությունների դեպքերում հավաքված նյութերը համատեղ քննարկելու հնարավորությամբ։

Ամփոփելով հանդիպումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում աջակցել ու նպաստել համագործակցությանն ու նոր ծրագրերին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն