Կառավարության որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները:
Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»:
ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը: