Քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության և հասարակության մեջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քնչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում: Այստեղից էլ մտահոգում է քննիչների ինքնուրույնության խնդիրը: Հավատացած և վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա և ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմին՝ իր անկախության մեջ»,-ասաց Աղվան Հովսեփյանը` հավելելով, որ անկախ քննչական մարմին ձևավորելու համար առաջին խնդիրը հենց անկախության ապահովումն է լինելու:

Նրա խոսքով` այս խնդիրն իրականություն դարձնելու հարցով հետաքրքրված և մտահոգված է նաև Սերժ Սարգսյանը:

Ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ դատախազությունում նախկինում կոռուպցիա լինելու վերաբերյալ արված գնահատականին անդրադառնալով` Աղվան Հովսփյանը նշեց. «Դեռևս գլխավոր դատախազ աշխատած ժամանակ մշտապես նշել եմ, և այսօր էլ նշում եմ, որ դատախազությունը պետական այն մարմիններից մեկն է, ուր համակարգված կոռուպցիոն երևույթները վաղուց են վերացել: Իհարկե, ժողովրդի ասածի հետ համաձայն եմ՝ չկա գյուղ, որ շուն չլինի, և ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, որ ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել և այսօր էլ վերացած է, որովհետև մշտապես հնարավոր են և կգտնվեն անձինք, որ գողություն կարող են անել՝ ընդհանուր սկզբունքներից դուրս»:

Քննչական կոմիտեի տեղակալների նշանակումն ուշացնելու հետ կապված Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Օրենքով քննչական մարմինների հաստիքները կառավարության կողմից հաստատվելուց հետո քննչական կոմիտեի նախագահը հինգ օրվա ընթացքում ներկայացնում է տեղակալների թեկնածությունները, և ՀՀ Նախագահը նշանակում է. ես կառաջարկեի երկու օր սպասել»:

Այն դիտարկմանը, որ «Մարտի 1-ի» գործով մինչև օրս բացահայտում չի եղել, քնչական կոմիտեի նախագահը չհամաձայնեց` հիշեցնելով, որ Մարտի 1-ի» գործով բացահայտվել են բազում դրվագներ, որոշ անձինք էլ դատապարտվել են: ««Մարտի 1-ի» գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, իհարկե կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»,-ասաց նա:

Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի անունն ինչու է գաղտնի պահվում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց .«Դա հարցրեք իրավասու մարմիններին»։