Ի պատասխան «Էյր Արմենիա» ավիաընկերության փակման մասին շրջանառվող լուրերի, ընկերության մամլո ծառայությունը հայտնում է, որ լուրերը չի համապատասխանում իրականությանը: «Էյր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ավետիսյանը Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ.
«Կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաղորդագրության հետ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է բոլորին, որ դեռ մեկ ու կես ամիս առաջ բոլոր փոխանցումները կատարվում էին առանց խնդիրների՝ դոլարով: Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները:
«Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի» հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ տվյալ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով:
Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք փոխանցումներ ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ պատժամիջոցների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել:
Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպությունը» մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ) փոխանցումները իրականացնելու համար:
Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն:
«Էյր Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ ավիաընկերությունը իրականացնում և իրականացնելու է իր չվերթները՝ ըստ չվացուցակի»: