«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաշխառության, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու և շորթում կատարելու վերաբերյալ հայտնի «բուրգի» սկանդալից հետո Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս ընտանիքի անունը շրջանառվեց տվյալ գործով, սակայն գործը դատարանում է, և, դատելով դրա ընթացքից, չի բացառվում, որ Նազարյանն ու իր ընտանիքի անդամներն անգամ տուժող ճանաչվեն մի գործով, որի թելերը ժամանակին հենց դեպի իրենց էին տանում: Նազարյանի անհավատալի թվացող պաշտոնանկությունը, իհարկե, ոստիկանապետ Վովա Գասպարյանը պայմանավորեց համակարգում իրականացվող բարեփոխումներով, ինչից հետո նրա պաշտոնը վստահվեց Աշոտ Կարապետյանին, ով հանրությանը հայտնի էր բերման ենթարկվածներին դաժանաբար ծեծի ենթարկելու փաստերով: Ոստիկանապետ նշանակվելուց հետո ևս չեն դադարում Աշոտ Կարապետյանին ուղղված նույնանման մեղադրանքները: Արդեն երկու տարի է, ինչ նա զբաղեցնում է Երևանի ոստիկանապետի պաշտոնը: Երեկ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է արդարացրել բարեփոխումների շրջանակում իր նշանակումը, իր մասնագիտական որակների շնորհիվ ո՞ր հանցատեսակներն են նվազել, բացահայտումների ի՞նչ ցուցանիշներ կան, ավելացե՞լ, թե՞ նվազել են, կոնկրետ ի՞նչ առաջընթաց է արձանագրել համակարգում:

- Պարոն Կարապետյան, Ներսիկ Նազարյանից հետո ավելի քան երկու տարի է՝ զբաղեցնում եք Երևանի ոստիկանապետի պաշտոնը, նախորդի համեմատ կոնկրետ Դուք ի՞նչ առաջընթաց եք արձանագրել ոլորտում: Նախորդի և Ձեր միջև գործելաոճի, մոտեցումների տարբերություն կա՞:

- Ես չեմ կարող իմ աշխատանքի գնահատականը տալ և չեմ էլ ուզել տարբերություններ ման գալ: Տարբերություններ ման եկողը միգուցե կգտնի, բայց ես առանձնակի չեմ կարող ասել, թե ինչով եմ տարբերվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: