Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: «Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Թիան Չանչունը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան ու կընդլայնվեն:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և մաղթել նորանոր հաջողություններ: