Եվրամիության տարածքային խորհրդարանն այսօր պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, համաձայն որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը:
Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպությունից:
Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակից: Փաստաթղթում նշված է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար:
Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև՝ ԵՄ-ում»,-նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: