Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը կայցելի նաև Գյումրի քաղաքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության՝ վերականգնված «Գյումրի-2» ենթակայան, կծանոթանա ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերին:

Մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա կգտնվի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, կայցելի Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, կծանոթանա տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:

Սերժ Սարգսյանը Գյումրիից կմեկնի Աշոցք, որտեղ ներկա կգտնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցք համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը, կշրջի 360 աշակերտի համար նախատեսված ուսումնական այդ հաստատությունում, կծանոթանա իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Աշոցքում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ, կծանոթանա կատարված աշխատանքներին:

Այնուհետև Նախագահը կմեկնի Ամասիա, որտեղ ներկա կգտնվի ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը, կայցելի համայնքի ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց, կծանոթանա իրականացված աշխատանքներին և հանդիպում կունենա դպրոցի սաների հետ: