Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց հյուրերին Ազգային ժողովում եւ նշեց, որ Բելառուսի պատվիրակության այցը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններն ունեն իրենց ուրույն պատմությունը, եւ 2014թ-ին նոյնպես քայլեր են ձեռնարկվել Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Բելառուսի համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում: Հայ խորհրդարանականները հետեւողականորեն աջակցում են Բելառուսի դիրքորոշմանը միջազգային հարթակներում:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է խորհրդարանական ձեւաչափը, որի հիմնական հարթակն է Միջխորհրդարանական հանձնաժողովը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բելառուս գործընկերներին հրավիրեց մասնակցելու 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երեւանում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ նմանատիպ ոճրագործությունների կանխման միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից դրանց ճանաչումն ու դատապարտումն է:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ նիստի ընթացքում հնչած առաջարկությունները եւ ընդունված որոշումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին շնորհակալություն հայտնելեց ջերմ ընդունելության համար:
Վիկտոր Գումինսկին նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրն ունեն շատ ընդհանրություններ: Այսօր երկու երկրներն էլ ձգտում են առավել խորացնել հարաբերությունները, աշխատել հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության: Նա նշեց, որ, հարաբերությունները միջազգային հարթակներում ճիշտ են ձեւավորվել, եւ հայկական ու բելառուսական պատվիրակությունները սատարում են իրար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Գումինսկին նշեց նաև, որ հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով մարդկության դեմ կատարված ոճրագործությունների մասին՝ նա նշեց, որ պատվիրակությունը վաղը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Վիկտոր Գումինսկին ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց Բելառուս. հրավերը սիրով ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից: