Սեպտեմբերի 13-ին Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին:
Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստի անցկացման կապակցությամբ: Պարոն Շարմազանովն ընդգծեց, որ երկու երկրների խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ պատրաստակամ են նման համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ փոխնախագահն ասաց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Մեծ եղեռնի հիշատակին: Նա բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային համաժողովին: Պարոն Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ նացիզմի եւ այլատյացության դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ ցանկացած օրենսդրական եւ գործնական միջոց կարող է արդյունավետ լինել միայն խորհրդարանների ամենալայն մասնակցության դեպքում: «Մեր ժողովուրդները, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց ուսերին կրել են ֆաշիզմի դեմ պայքարելու հիմնական ծանրությունը եւ ունեցել են հսկայական զոհեր, ունեն դրա լիարժեք իրավունքը: Աշխարհի ցանկացած կետում, ուր գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, միջազգային հանրությունը պետք է պատասխանի բոլոր առկա մատչելի իրավական միջոցներով: Համաձայն ամուր բարոյական հիմքերի? նոր դոկտրինները պետք է դառնան խելամիտ պատասխան արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
ԲՀ ԱԺ-ի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին, իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, կարեւորեց երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը: Նա ընդգծեց, որ երկու երկրների համագործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված: Պարոն Գումինսկին նկատեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է եւ կարող է իրեն թույլ տալ մեկ քայլ առաջ լինել պաշտոնական դիվանագիտությունից: Այս համատեքստում նա կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում միմյանց աջակցելու կողմերի պատրաստակամությունը:
«Երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարների մասին» թեմայի շուրջ ելույթ ունեցան հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը, բելառուսական կողմից՝ Եվգենի Օբոլենսկին:
Տաճատ Վարդապետյանի խոսքով՝ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները ունեն խոր արմատներ: Պարոն Վարդապետյանն ասաց, որ միջտարածաշրջանային համագործակցության դրական միտում է նկատվում՝ ընդգծելով, որ համագործակցում են Հայաստանի եւ Բելառուսի գրեթե բոլոր մարզերը: Նա առաջարկեց խորացնել փոխգործակցությունը Գյումրու հետ, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մասնավորապես գյուղատնտեսական տեխնիկայի արտադրման գործարան հիմնել: Նա փաստեց, որ Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ քաղաք, մշտապես համարվել է արդյունաբերական ու մշակութային կենտրոն: «Մենք միշտ հիշում ենք, թե ինչպես 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Բելառուսը առաջիններից էր, որ մասնակցեց Գյումրիում բնակարանաշինությանը»,- ասաց պարոն Վարդապետյանը:
Եվգենի Օբոլենսկին նկատեց, որ թեեւ հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցությունը զարգանում է, մեծացել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, սակայն ամբողջ ներուժը լիարժեք չի օգտագործվում: Նա կարեւորեց համատեղ բիզնես-ծրագրերի իրականացումը: Պարոն Օբոլենսկին որպես համատեղ աշխատանքի կարեւոր ձեռքբերում նշեց, որ 2012թ. Մինսկում բացվել է հայկական կոնյակի համատեղ գործարան: Բելառուս խորհրդարանականը առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում կարեւորեց փոխայցերը, փորձի փոխանակումները: Այս համատեքստում նա արժեւորեց Հայաստանի փորձի ուսումնասիրությունը ատոմային էներգետիկայի ոլորտում:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նոր համատեղ ձեռնարկությունների հիմնումը հատկապես աղետի գոտում:
Քննարկումների ընթացքում խորհրդարանականների կողմից առաջարկ եղավ Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովին կից ստեղծել խորհրդարանականներից կազմված աշխատանքային խումբ:
Միջազգային խորհրդարանական կառույցներում երկու կողմերի միջեւ փոխգործակցության վերաբերյալ ելույթ ունեցավ հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ Հայաստանը եւ Բելառուսը շարունակում են ակտիվ համագործակցել միջազգային կառույցներում եւ հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն սատարել միմյանց միջազգային կառույցներում եւ ունենալ համաձայնեցված դիրքորոշումներ: Երկու երկրներն առավել արդյունավետ համագործակցում են ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Մարգարյանն ընդգծեց, որ Հայաստանը եւ Բելառուսը հանդիսանում են ռազմավարական գործընկերներ: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու գործընթացին:
Բելառուսական կողմից ելույթով հանդես եկավ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին: Նա, վերահաստատելով պարոն Մարգարյանի դիրքորոշումը, նշեց, որ առաջիկայում եւս երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները միջազգային կառույցներում կշարունակեն արդյունավետ համագործակցել:
ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունները մշտապես սատարել են միմյանց եւ հույս հայտնեց, որ փոխադարձ աջակցությունը հետայսու եւս շարունակական կլինի:
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման գործում Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների աշխատանքը» թեմայի շրջանակներում ելույթ ունեցավ Նինա Կոստյանը: Նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել շուրջ 60 տոնական միջոցառում: Տիկին Կոստյանն ընդգծեց, որ ձեռք բերված հաղթանակի հարցում հայերը ունեցել են առանցքային դերակատարում ու նշեց, որ յուրաքանչյուրի պարտքն է անել ամեն ինչ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը վառ պահելու եւ նրանց անունները սերունդներին փոխանցելու համար:
Հայկական կողմից ելույթ ունեցավ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը: Նրա խոսքով՝ պետք է մշտապես հիշել եւ հարգանքի արժանացնել ֆաշիզմի դեմ պայքարում զոհված մեր հայրենակիցներին: Տիկին Կարապետյանի խոսքով՝ նացիզմի, քսենոֆոբիայի եւ ահաբեկչության բոլոր ձեւերի դատապարտումը նշանակում է վերջ դնել այն սպառնալիքին, որը կարող է ապագայում հանգեցնել նոր վայրագությունների:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չպետք է մնալ պասիվ, պետք է կտրուկ պատասխանել բռնության, նացիզմի եւ ֆաշիզմի սպառնալիքներով քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորմանը: Պարոն Շարմազանովն առաջարկեց այս դրույթն ամրագրել համատեղ հայտարարությունում, որն ընդունվեց նիստի մասնակիցների կողմից: Պարոն Շարմազանովն իր ցանկությունը հայտնեց Բրեստի Հիշատակի պուրակում Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստի օրակարգային հարցերի թվում էր նաեւ հանձնաժողովի հաջորդ` իններորդ նիստի անցկացմանը եւ աշխատանքային պլանին վերաբերող խնդիրների քննարկումը:
Նիստում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կողմերն ընդունեցին որոշումներ, որոնք ներառում էին նիստի ընթացքում հնչած առաջարկները: Նիստի վերջում խորհրդարանականներն ընդունեցին համատեղ հայտարարություն:
Նիստից հետո տեղի ունեցավ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ ներկայացրին նիստի աշխատանքների վերաբերյալ: