Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:
Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի միջազգային գործակալություններում աշխատող հայ կանայք, կին դիվանագետներ և դիվանագետների կանայք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը և վերահաստատեց ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությունն իրականացվող միջոցառումներին:
Կանանց խորհրդի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշտական ներկայացուցչությանը` խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա բարեգործական տոնավաճառներին ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, և տեղեկացրեց, որ խորհուրդն ընտրել է մշտական ներկայացուցչության կողմից ներկայացված Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ խաղահրապարակի կառուցման ծրագիրը, որն իրականացվելու է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կենտրոնի կողմից: Ծրագրի իրականացման համար Կանանց խորհրդի կողմից հատկացվել է 7000 եվրո գումար:
Միջոցառման մասնակիցներն առիթ ունեցան ծանոթանալու «Հայաստան» կենտրոնում գործող ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսին և մասնակցեցին հյուրասիրությանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը հիմնադրվել է 1967թ. և ներկայումս ունի շուրջ 500 անդամ մոտ 100 տարբեր երկրներից: Կազմակերպության հիմնական առաքելությունն է կարիքավոր երեխաների և կանանց համար բարեգործական ծրագրերի իրականացումը: Խորհրդի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են տասնյակից ավելին բարեգործական ծրագրեր, որոնք հիմնականում միտված են եղել աջակցելու երկրաշարժից տուժած տարածաշրջանի փոքրիկներին և մանկատներում ապրող կարիքավոր երեխաներին: