Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը հայտարարել է, որ բրիտանացի գերի Դեվիդ Հեյնսի սպանության համար մեղավորները այնպայման կհայտնաբերվեն: Ինչպես հայտնում է BBC-ն՝ այս մասին վարչապետը հայտարարել է «կոբրա» անունը կրող հակաճգնաժամային կոմիտեի նիստի ժամանակ: Իր ելույթի ընթացքում նա 44-ամյա «բրիտանացի հերոսին» հարգանքի տուրք է մատուցել: Նա դարձավ երրորդ օտարերկրացին, որը գլխատվել «Իսլամական պետության» զինյալների կողմից: 

Վարչապետը նաև նշել է, որ Բրիտանիան ցնցվել է լսելով այս ցավալի լուրը: 

««Իսլամական պետության» զինյալները մուսուլման չեն, դրանք հրեշներ են»,- ասել է նա և հավելել, որ սա կատարյալ չարության ակտ է: 

Երկու երեխաների հայր Հեյնսը աշխատում էր «Acted» ֆրանսիական հումանիտար ընկերության համար և օգնություն էր փոխանցում Սիրիայում կարիքավոր մարդկանց: Անցյալ տարվա մարտին նրան առևանգել են հենց այս աշխատանքի ժամանակ: