Սահմանադրական դատարանն ավարտեց «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը եւ անցավ խորհրդակցանկան սենյակ՝ որոշում կայացնելու։
Մինչ այդ՝ դատարանը լսեց դիմումատուներ՝ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանի եւ Կարեն Մեժլումյանի, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ դատավարության երրորդ կողմ հանդիսացող Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանի եւ Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթները։
Ինչպեսեւ ակնկալվում էր կողմերից յուրաքանչյուրը մնացել էր իր նախնական դիրքորոշմանը. դիմումատուները պնդեցին ՀՀ նախագահ ընտրելու մասին ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու մասին խնդրանքը, իսկ պատասխանող եւ երրորդ կողմի ներկայացուցիչները խնդրեցին մերժել դիմումը՝ այն համարելով հիմնազուրկ,-գրում է Փաստինֆոն։
‹‹Մենք փորձեցինք առավելագույնս հնարավորություն ընձեռել կողմերին ներկայացնելու իրենց փաստարկները»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով կողմերին կոռեկտ վարքագծի համար։
ՍԴ որոշումը կհրապարակվի մարտի 14-ին։