Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության և այլ բնագավառներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկի խոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առևտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ-ի աջակցությամբ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: