Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
«Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					