Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ Արմեն Սողոյանից հեռախոսով ճշտեցինք, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։
Նշենք, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:
Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), ֆինանսական քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան):