Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, հրապարակախոս տիար Զորի Բալայանի: Հանդիպմանը ներկա էր Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց բարոնուհի Քոքսին ևս մեկ անգամ Հայաստանում տեսնելու առիթով` վերջինիս նկատելով հայ ժողովրդի համար շատ հարազատ ու մտերիմ դարձած մի անձնավորություն: Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր բարձր գնահատանքը փոխանցեց բարոնուհուն` գործադրած հայանպաստ ջանքերի կապակցությամբ, որոնք մեծապես նպաստում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:
Տիկին Քոքսը նույնպես իր սրտի խոսքն ասաց` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմագին ընդունելության համար, և ներկայացրեց Հայաստան իր արդեն 82-րդ այցից ստացած տպավորությունները:
Հանդիպմանը քննարկվեցին Հայ Եկեղեցու առաքելությանը, կրթական, սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերին և միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ծրագրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: