Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
Հանրապետության Նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Նախագահը կայցելի նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ: