«Քիթ-Cut» ներկայացման բեմադրող ռեժիսոր և դերասան Կարապետ Բալյանը զրուցում է իրենց կատարած աշխատանքի հաջողության և ներկայացման հիմքում ընկած լրջագույն խնդիրները արդիական հումորի լեզվով մատուցելու մասին:
- Ո՞րն է ներկայացման բողոքը և ու՞մ է ուղղված:
- Յուրաքանչյուր հայ մարդուն հուզող արդիական բոլոր խնդիրները ներկայացման մեջ կան: Բայց մենք այդ խնդիրներին հեգնանքով ենք վերաբերվում, իսկ հեգնանքի մեջ բողոքի նշույլներ անհնար է չնկատվեն: Կարճ ասած շեշտը դրված է ոչ թե առկա խնդիրները բողոքով, այլ հեգնանքով ներկայացնելու վրա: Կարծում եմ հենց դա է պատճառը, որ ներկայացումը հանդեսատեսի մեծ հոսքին արժանացավ:
- Ներկայացման բոլոր երեք դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Մեր կերպարներին հուզող խնդիրները հենց մերն են: Ե´վ ինձ, և´ գործընկերներիս հոգահարազատ են ներկայացման մեջ բարձրաձայնվող խնդիրները: Անիմաստ չէ ասված, որ բեմը խոշորացույց է: Կոնկրետ «Քիթ-Cut» ներկայացման մեջ խոշորացույցով նայում ենք հենց մեր կյանքից վերցրած որոշակի հատվածին:
- Ներկայացման գովազդների մեջ նկատվում է, որ ռոբոտ կա: Դրա նպատակը ո՞րն է և որքանո՞վ արդարացվեց այդ նպատակը:
- Գործողությունները կատարվում են 2080թ.-ին, իսկ, հաշվի առնելով երկրագնդի տեխնիկական արագընթաց աճը, դժվար է պատկերացնել 2080թ.-ը առանց ռոբոտների: Իսկ բացի տեխնիկական մասից, նպատակ ենք հետապնդել նաև ներկայացնել մարդկային ռոբոտիզացումը: Իրականում սա նորություն է և առաջին դեպքն է, երբ հայ թատրոնի բեմում իսկական ռոբոտ կա: Ոչ թե մարդ է ռոբոտի հագուստ հագած, այլ ճիշտ այնպիսի ռոբոտ, որը մենք տեսել և պատկերացնում ենք, այսինքն ռոբոտ , որը ներկայացման ընթացքում որոշակի գործողություններ է կատարում՝ սուրճ է մատուցում, զրուցում է և այլն: Ամպագորգոռ թող չհնչի, բայց իսկապես սա նախադեպը չունեցող երևույթ է հայկական թատրոնում: Ռոբոտի ներկայությունը ներկայացման հաջողության գրավականներից մեկն է: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ ռոբոտի հետ կապված մեր նպատակները լիարժեք արդարացվեցին:
- Ինչպիսի՞ն կլինի ներկայացման ազդեցությունն այն մարդկանց վրա, ովքեր մինչ թատրոն գալը մտածում էին իրենց քիթը ձևափոխելու մասին: Կմտափոխվե՞ն նրանք, թե՞ ոչ:
- Խոսքը գնում է 2080թ.-ի մասին, երբ հայ մարդու գենը պահպանելու բոլոր տարբերանշանները վերացել են և միակը մնացել է հայկական քիթը պահպանելը: Մեր օրերում դեռևս նման խնդիր չկա, բայց կա մտավախություն, որ տասնամյակներ հետո կարող ենք կանգնել այդպիսի խնդրի առաջ: Այլ ազգերին միաձուլվելու խնդրի մասին է խոսքը: Ներկայացման մեջ շեշտը դրված է քիթը կտրելու վրա, որը չնայած ծիծաղելի է, բայց դրա հետ մեկտեղ նաև մտահոգվելու տեղիք է տալիս: Պլաստիկ վիրահատությունների դեմ ոչինչ չունենք: Թող մարդիկ վիրահատեն իրենց քթերը, կամ մնացած մարմնի մասերը, բայց մնան հայ: Դրա հիմքում էլ ընկած է ներկայացման ասելիքը:
- Մարդիկ կան, ովքեր ուզում են գնալ թատրոն, նոր ներկայացումներ նայել, բայց ժամանակ չունեն կամ այլ պատճառներով չեն կարողանում տոմս ձեռք բերել: Կա՞ հնարավորություն տոմս պատվիրելու:
- Իհարկե կա: Գոյություն ունի հեռախոսահամար՝ 091.95-95-94, որով բոլոր ցանկացողները կարող են զանգահարել և տոմսեր պատվիրել հոկտեմբերի 28-ին ժամը 19.30-ին կայանալիք ներկայացումների համար: Մեր շատ սիրելի Կամերային թատրոնումի բեմում եմ կայանում ներկայացումները: Իսկ տոմսերն անվճար կառաքվեն: Այնպես որ տոմս գնելու համար ժամանակ չունեցող մարդիկ ոչ մի խնդիր չունեն:
- Ու՞մն էր ներակայացման գաղափարը:
- Իմը և Անդրանիկ Հարությունյանինն էր: Որոշեցինք միասին ինչ-որ բան բեմադրել և շատ շուտ հասկացանք, որ մեզ միավորող ամենաակնառու բանը մեր քթերն են: Հետո մեզ միացան Արմեն Վարդանյանը, հետո՝ Էդգար Կոստանդյանը և լրջորեն կցվեցինք գործին: Չմոռանամ նաև Լիլի Միքաելյանին: Կարճ ասած՝ տաղանդավոր մարդկանց խտացում մի վայրում:
- Չնայած այն փաստին, որ ներկայացումը կոմեդիկ ժանրում է և մատուցվում է ժամանակակից հումորի լեզվով, միևնույն ժամանակ անչափ խորիմաստ է և հայ հանրության համար շատ հուզիչ և լուրջ թեմա է շոշափում: Մտավախություն չունե՞ք, որ թե´ վերնագիրը, թե´ գովազդային պաստառները և թե´ գովազդային հոլովակները մարդկանց մոտ անլուրջ տպավորություն կստեղծեն և թույլ կտան մտածել, որ հերթական ոչ խորիմաստ ներկայացումն է: Շատերին դա կստիպի չգալ և չնայել ներկայացումը:
- Չհաջողված ներկայացումը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար ապացուցում է իր չհաջողված լինելը: Նույնը կարող եմ ասել նաև հաջողված ներկայացման մասին: Շատ կարճ ժամանակահատվածում խոսքից-խոսք տարածում է գտնում: Իսկ դա ամենալավ գովազդն է: Ո´չ, ես մտավախություն չունեմ, որ որևէ բան կարող է խանգարել մեր ներկայացման մասին սխալ կամ վատ կարծիքների ստեղծվելուն, քանի որ սեփական աչքերովս եմ տեսնում ամենատարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց շրջանակներում առաջացած հետաքրքրասիրությունը ներկայացման հանդեպ: Իսկ դրա ամենապարզ ապացույցը լի դահլիճներն են և դրական կարծիքները թե´ սոցցանցերում և թե´ վիզուալ իրականության մեջ: