«Հրապարակ» թերթը գրում է. 

«Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի կայազորի ստուգատեսի ժամանակ ակնհայտորեն նյարդայնացած էր: Նրա ելույթի մեջ մարտահրավեր լսվեց ինչ-որ անձանց, «երևույթների» դեմ, որոնք, հաստատ, այդ օրը բարկացրել էին ոստիկանապետին: Այդ «երևույթները չեն հանդուրժում լավ երկրում», «օրինախախտման ճանապարհն են ընտրում» և, Վլադիմիր Գասպարյանի խոսքով, «մեր ժողովրդի չարիքն են»: Չի բացառվում, որ ոստիկանապետի զայրույթի պատճառը նրա ենթակայի կալանավորումն էր, որի մասին նա, թերևս, վաղուց գիտեր:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՔԾ-ն, որն էլ գործ է հարուցել փոխգնդապետի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Քրօր. 308 հոդվածի երկրորդ մասով:
Այս հոդվածը ենթադրում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նույն մեղադրանքը ներկայացվել է Ազիբեկյանի տեղակալին՝ Արտակ Ավետիսյանին: ՀՔԾ հաղորդագրությունից հետևում է, որ Ազիբեկյանն ու նրա տեղակալը փորձել են թաքցնել ապրիլի 1-ին «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի իրական պատկերը, փոխել արարքի որակումը, ապացույցներ են կեղծել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: