Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու», ««Մի երկնչիր, բայց միայն հավատա» (Մարկ. Ե 36). Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:
Գևորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ Եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում և բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են իրենց ամենօրյա հավատը: Գիրքը պարունակում է Հայ Եկեղեցու ավանդությանը բնորոշ առանձնահատկությունների արժեքավոր նկարագրություններ, որոնց բացահայտման ու բանաձևման համար, բացի հայկական աղբյուրներից, օգտագործվել են նաև ժամանակակից աստվածաբանական ուսումնասիրություններ և խորհրդածություններ:
Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանի հովանավորությամբ:
««Մի երկնչիր, բայց միայն հավատա» (Մարկ. Ե 36). Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» գործում Գևորգ Սրբազանն անդրադառնում է 21-րդ դարասկզբում մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աստվածաբանական և բարոյական տեսանկյուններին: Գրքում ներկայացված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումն արտահայտող ծրագիր, որտեղ կարևորվում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի աշխատանքը ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև ուրվագծվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում Հայ Եկեղեցու աշխատանքի ուղղությունները: