Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:
Ցուցահանդեսը, որ ս.թ. օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո, Հռոմից բացի, կշրջի այլ քաղաքներում ևս:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին իրենց ելույթներում խոսել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցո, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:
Նախագահը իր խոսքում ասել է. «Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:
Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին»: