Աշունն իր հետ բերեց վառ գույներ ու բազում նորություններ: Յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին ջանք չխնայեց մասնակցելու քաղաքի գեղեցկացման գործընթացին: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը նույնպես անմասն չմնաց և շատ աշխատանքներով ներկայացավ հանրությանը և դեռ շարունակում է մեզ անակնկալներ մատուցել: Այս առիթով զրուցեցինք ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Գարիկ Կուրղինյանի հետ:
- Ո՞րն է ձեր մատուցած ծառայությունների առանձնահատկությունը:
- Մենք չենք աշխատում քանակի վրա, մենք աշխատում ենք որակի վրա: Դա է մեր տարբերությունը: Անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ՝ սկսած գովազդային գաղափարների գեներացումից մինչև հետվաճառքային և հետերաշխիքային ծառայությունների մատուցմամբ:
- Մեր հարևան երկրներում շատ խիստ մոտեցում կա արտաքին գովազդի հարցում, որի պատճառաբանումը քաղաքի տեսքին վնասելն է: Որքանո՞վ է հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդն անհամապատասխան քաղաքի դիմագծին:
- Ինչպես այլ երկրներում, այդպես էլ մեր երկրում այդ հարցին պետականորեն շատ մանրակրկիտ ուշադրություն է դարձվում, սակայն վերոնշյալը չի վերաբերվում հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդին: Հայաստանում և գրեթե բոլոր երկրներում հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդը, ի տարբերություն արտաքին գովազդի մի շարք այլ տեսակների, չի վնասում քաղաքի արտաքին տեսքին, ավելին՝ դրա շնորհիվ քաղաքը գունավորվում է և ստանում ուրախ երանգներ:
- Ինչու՞ ընտրել գովազդ հասարակական տրանսպորտի վրա՝ այլ ոչ թե, օրինակ՝ փողոցային ցուցատախտակներին:
- Հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդը ունի մի շարք առավելություններ փողոցային ցուցատախտակների հետ համեմատած: Նշեմ դրանցից մի քանիսը.
- Այն շարժական է: Մոբիլության շնորհիվ գովազդը հասանելի է դառնում քաղաքի ցանկացած վայրում: Նույն նպատակին հասնելու համար ահռելի քանակի փողոցային ցուցատախտակներ են անհրաժեշտ, ինչը չափազանց թանկ է՝ համեմատած հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդի հետ:
- Չափազանց մեծ գովազդային մակերես՝ ինչի շնորհիվ կարելի է ստանալ կրեատիվ և արդյունավետ գովազդ: Փողոցային ցուցատախտակները այդ հնարավորությունը չեն ընձեռում:
- Գովազդի հետ կոնտակտների քանակի և որակի անհամեմատ բարձր ցուցանիշներ թիրախային ամենալայն խմբերի համար: Վերոնշյալները առավելություններից ընդամենը մի քանիսն են: Գոյություն ունեն մի շարք այլ առավելություններ որոնց մասին կարող ենք երկար խոսել
- Եթե ընդլայնեք ձեր գործունեության ոլորտը, ի՞նչ հավելումներ կանեք:
- Առաջին հերթին մենք մտադրված ենք զարգացնել արտաքին շարժական գովազդի ոլորտը Հայաստանում: Երկրորդը՝ օրեցօր ավելանում է մեր գործընկերների ցանկը, անհրաժեշտ է պահանջարկին համապատասխան ավելացնել առաջարկը: Երրորդը՝ ծրագրեր ենք մշակում գովազդային այլ կրիչների շուկաներ ներթափանցելու վերաբերյալ: Բայց հանուն եկամտի ավելացման մենք երբեք չենք զոհաբերի կայունությունը: Ինչպես նախկինում, այդպես էլ ապագայում մենք շեշտադրելու ենք որակը, այլ ոչ թե քանակը:
- Ընկերությունն առաջարկում է նաև փոխադրամիջոցի մաքրման շարժական համակարգ, ո՞րն էր դրա ստեղծման անհրաժեշտությունը:
- Հիմնական նպատակն էր պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցելը, այսինքն մենք հաշվի առնելով մեր գործընկերների օբյեկտիվ ցանկությունները՝ որոշեցինք առաջին և մինչև օրս միակ ընկերությունը լինել, որը երաշխավորում է գովազդային կրիչների մաքրությունը և տրամադրում է ինչպես պարբերական, այդպես էլ ցպահանջ ֆոտոհաշվետվություններ:
- Որքանո՞վ եք վերահսկում արդեն տեղադրված գովազդը:
- Առաջինը՝ պարբերաբար մաքրում ենք թե՛ գովազդը, թե՛ գովազդային կրիչը՝ տրանսպորտը, երկրորդը՝ մեխանիկական և եղանակային պատճառներով վնասվաց գովազդային հատվածները փոխարինում ենք նոր պաստառներով, երրորդը՝ իրականացնում ենք ֆոտոմոնիթորինգներ, չորրորդը՝ մարքեթինգային և սոցիոլոգիական հարցումների ու հետազոտությունների շնորհիվ վերահսկում ենք գովազդի ազդեցությունը թիրախային խմբերի վրա և հաշվարկում ենք գովազդային արշավի արդյունավետությունը, ինչի հիման վրա տրամադրում ենք բարձրակարգ խորհուրդատվություններ մեր առկա և պոտենցիալ գործընկերներին:
- Ինչպե՞ս է պաշտպանվում եղանակային պայմաններից շարժական գովազդը:
- Միջազգային և հայրենական հետազոտությունները և մեր գործնական երեքամյա փորձը վկայում են այն մասին, որ շարժական գովազդը որակազրկվում է մոտավորապես 1.5 տարուց, սակայն Հայաստանում մեր գործընկերները սովորաբար տարին մեկ կամ մի քանի անգամ թարմացնում են գովազդը նոր դիզայններով՝ առաջխաղացման նոր ծրագրերին համապատասխանեցնելով: Դիցուկ մեր իրականությունում վերոգրյալ հարցը գործնականում իմաստազուրկ է, քանի որ ոչ մի հատուկ պաշտպանողական միջոցների կիրառման անհրաժեշտություն գոյություն չունի:
- Ի՞նչ լուծումների եք դիմում շարժական գովազդն էլ ավելի տեսանելի դարձնելու համար:
- Մշտական ուսումնասիրություններ ենք անցկացնում այլ երկրներում նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների վերաբերյալ՝ փորձելով նպատակահարմարության դեպքում ադապտացնել արտասահմանյան ընկերությունների փորձը մեր իրականությունում: Նաև թիմային աշխատանքի շնորհիվ գեներացնում ենք բավականին առաջադեմ գաղափարներ, որոնց շարքում կան ծրագրեր, որոնք բացառիկ են ոչ միայն Հայաստանում և տարածաշրջանում, այլև աշխարհում: Այդ ամենին դուք կարող եք ծանոթանալ մոտ ապագայում, երբ որ մենք գործնականում կկիրառենք մեր ծրագրերը:
- Համացանցային գովազդն այսօր ավելի լայն հնարավորություններ է տալիս թիրախային խմբերին էլ ավելի արդյունավետ հասանելի լինելու համար: Այս համատեքստում տրանսպորտային գովազդը որքանո՞վ է արդյունավետ:
- Համացանցային գովազդը մենք դասում ենք մեր մրցակցային մակարդակներից երրորդին, այսինքն մեր միջև մրցակցությունը այնքան էլ սուր չէ, ըստ իս՝ մենք առաջարկում ենք ոչ թե փոխարինող ծառայություններ, այլ համալրող ծառայություններ: Ինչ վերաբերում է սեգմենատավորմանը (թիրախավորմանը)՝ մենք նույնպես ունենք հատուկ մեթոդներ արդյունավետ թիրախային խմբերի բացահայտման և դրանց այսպես կոչված “սև արկղերին” հասնելու և որոշումների կայացման գործընթացների վրա ներազդելու: