Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպումը ևս մեկ պատեհ առիթ էր գնահատելու և արժևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցությունը և հստակեցնելու առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Հանդես գալով ողջույնի խոսքով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի պատվիրակների այցը ՀՀ ՊՆ վարչական համալիր պատեհ առիթ է ծանոթանալու պաշտպանական գերատեսչության վարած քաղաքականությանը, հայոց հաղթանակած բանակի անցյալին ու ներկային:
Իր խոսքում շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ և բարձր գնահատելով Սփյուռքի դերը հայոց պետականության և անկախության կերտման գործում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է Հայաստանն ուժեղ և անպարտելի, ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած մարտահրավերները: Հակիրճ ներկայացնելով բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, զինված ուժերի ձեռքբերումներն ու խնդիրները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր ազգային ու միջազգային երաշխիքները լիարժեք հնարավորություններ են ստեղծում, որպեսզի հայ զինծառայողները գերազանց կատարեն իրենց առջև դրված խնդիրները` անկախ հանգամանքից, որ հակառակորդն իր անհեռատես գործելակերպով անընդհատ փորձում է սրել իրավիճակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպումը եզրափակվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթով: Շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին հանդիպումը կազմակերպելու համար` տիկին Հակոբյանը հավաստիացրեց, որ Հայաստանն ու Հայոց բանակը թիկունքում մշատպես զգալու են Սփյուռքի ներուժը` շարունակելով զարգանալ ու հզորանալ:

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների համար ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների, սպառազինության նմուշների ցուցադրություն: