«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում կրկին հայ-ռուսական բարեկամության օր էր. տեղի ունեցավ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը: Սա այն ակումբն է, որն այդքան քննադատվեց ստեղծման օրվանից, և այդ քննադատությունը գագաթնակետին հասավ հունիսին, երբ նույն ակումբի հերթական նիստին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Վերջինս ռուսերենի շահերն էր պաշտպանում և բողոքում էր տաքսիստից, ով ռուսերեն չգիտեր: Մարդկանց վրդովվեցրել էր նաև այն, որ Կիսելյովն ԱԺ բակ էր մուտք գործել ամերիկյան Hummer-ով:

Այս անգամ նիստն ավելի մեղմ մթնոլորտում անցավ, քանզի նրա փոխարեն ակումբի հյուրն էր ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Վերջինս ավելի զուսպ գտնվեց և հայերին դասեր տալու փորձեր չարեց: Իսկ ռուսաց լեզվի պրոպագանդան բավարարվեց «որքան լեզու գիտես, այնքան մարդ ես» գաղափարի շրջանակներում: Բացի այդ, ռուս հերթական գործիչն ԱԺ էր ժամանել ոչ թե Hummer-ով, այլ դեսպանատան կարմիր Lexus-ով, որը, սակայն, կրկին հանգրվանել էր ԱԺ բակում՝ հենց մուտքի դիմաց:

Առհասարակ, այս անգամվա հանդիպումը կարելի է համարել նախորդի սխալների ուղղում, քանզի ակնհայտ զգացվում էր, որ հանդիպմանը ներկա հայ պատգամավորներն ավելի ձգված էին ու զգուշավոր հատկապես լեզվի հարցում: Բոլորը, բացի Թևան Պողոսյանից և Հերմինե Նաղդալյանից, ով վարում էր հանդիպումը, ելույթ էին ունենում հայերենով»:

Մանրամասները՝ թերթի համարում: