«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Ներկայացնենք հատված հարցազրույցից.
«- Պարոն Սահակյան, կարո՞ղ եք արձանագրել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը պառակտված է։
Ոչ, չեմ կարող, քանի որ քառյակը ձևավորվել էր խորհրդարանական համաձայնությունների հիման վրա, դա կուսակցությունների որոշումների հետևանք չէ, նրանք համագործակցում էին այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում կարողանում էին սկզբունքային փոխհամաձայնության գալ։
- Կարծիք կա, որ իշխանություններն են փորձել Դաշնակցությունը պոկել քառյակից՝ նրանց շահագրգիռ առաջարկություններ անելով։
Ես, իհարկե, կառանձնացնեի Դաշնակցությանը, որովհետև ՀՅԴ-ն այն ուժը չէ, որ կարողանաս հետը վարագույրների հետևում ինչ-որ բան պայմանավորվել։ ՀՅԴ-ն ունի իր կոնկրետ քաղաքական դիրքորոշումը և այդ ճանապարհով գնում է։ Եվ քանի որ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների հետ իր տեսակետը հայտնեց, պիտի հարված ստանար։
- Սպասո՞ւմ եք, որ քառյակից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո եռյակը շատ ավելի կուռ կդառնա, իշխանություններին ավելի հստակ պահանջներ կներկայացնի։
Մենք, իրոք, կունենայինք դասական ընդդիմություն, եթե բոլորը համախմբվեին և մեկ նշանակետ ունենային։ Բայց նրանք նախ տարբեր գաղափարախոսություն ունեն, քառյակը ոչ թե գաղափարական առաջնորդության խնդիր ունի, այլ միայն օրվա կոնկրետ սկզբունքները վերլուծելու խնդիր ունի։ Ես կարծում եմ՝ ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսևորել։ Եվ կարծում եմ, որ դա դեմ չէ քառյակի սկզբունքներին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: