Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսելով ներքաղաքական իրավիճակից նշեց, որ այսօր կանգնած ենք այնպիսի իրողության առաջ, որ ժողովորդը չի վստահում իշխանություններին. «Անգամ իշխանությունների կողմից մեքենաներով, ավտոբուսներով բերված մարդիկ են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին: Իշխանությունը որևէ ռեսուրս չունի ժողովրդի հետ կապված: Իսկ սա ցույց տվեց, որ անգամ իրենց թիմում կա պառակտում»: Արամ Հարությունյանի խոսքերով ժողովորդը ցույց տվեց, որ ինքն ավելի բարձր է իր որակով, քան բոլոր քաղաքական ուժերը միասին վերցված: Ապա նաև ավելացրեց, որ իշխանությունները նորից փորձում են դրսում «խաղեր տալ» և իրենց համար դրսի շնորհավորանքներն են կարծես դարձել այն փաստը, որ հաղթել են:
Իսկ ինչ վերաբերում Է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին պարոն Հարությունյանը նշեց, որ երեկ այցելել է նրան, բայց չի ընդունում հացադուլի մարտավարությունը. «15-20 օր հետո ինքը կարող է վատ վիճակում հայտնվել: Այնինչ առաջնորդը համենայնդեպս պետք է ամենաառույգը լինի: Եթե ուզում է գնալ արմատական փոփոխությունների, հացադուլը լուծում չէ: Առաջնորդը հացադուլ չի անում, այլ գնում է առջևից` վարակելով ժողովրդին իր էներգիայով, իր սկզբունքներով, այնինչ հացադուլը հաստատ վարակիչ չէ»: Վերջինիս խոսքերով նման տեմպերով շարունակվելու դեպքում շարժումը կամ կթուլանա կամ էլ ժողովուրդը կդառնա անկառավարելի. «Այսօր հրաշալի ժողովուրդ է կանգնած Ազատության հարպարակում,շատ լավ երիտասարդություն, ինձ համար շատ ցավալի կլինի, եթե որևէ մեկը հիասթափեցնի այդ ժողովրդին, ովքեր մեծ հույսեր են կապում շարժման հետ»: