Օմար Գոնզալեսի մեքենայի զննությամբ, ով սեպտեմբերի 19-ին ներխուժել էր Սպիտակ տան տարածք, հայտնաբերվել է 19 կացին և 800 փամփուշտ: Այս մասին հայտնել է ԱՄՆ դաշնային դատարանի դատախազի օգնական Դևիդ Մուդը՝ Դաշնային դատարանում նախնական քննության ժամանակ, հայտնում է Էն Բի Սի Նյուզը:

Նիստի ժամանակ Մուդը շեշտել է, որ Գոնզալեսը, ով մեղադրվում է արգելված տարածք զենքով ներխուժելու մեջ, վտանգ է ներկայացրել նախագահի համար: Նա նաև հայտնել է, որ 42-ամյա տղամարդը դեռ օգոստոսի 25-ին բերման էր ենթարկվել Սպիտակ տան հարավային ցանկապատի մոտ՝գոտկատեղին կացինն ամրացրած, սակայն այդ ժամանակ նա չէր ձերբակալվել:

Բացի այդ, հուլիսի 19-ին Գոնզալեսը ձերբակալվել էր դիպուկահար հրացանով և քարտով, որի վրա նշված է եղել Սպիտակ տունը: Արդյունքում դատավորը հրաժարվել է Գոնզալեսին բաց թողնել գրավի դիմաց և թողել է նրան կալանքի տակ մինչև հոկտեմբերի 1-ը:
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի պատասխանատու Դժոշ Էռնեստը հայտնել է, որ պետության ղեկավարն անհանգստացած է Սպիտակ տան տարածք այդ մարդու ներխուժմամբ, քանի որ բացի իրենից, այդտեղ ապրում է նաև իր ընտանիքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Տեխասում բնակվող Գոնզալեսը ցանկապատով ներխուժել էր նախագահական նստավայր: Նրան հաջողվել էր մտնել շենք, որտեղ իրեն ձերբակալել էին Գաղտնի ծառայության աշխատակիցները: Սպիտակ տնից շտապ տարհանվել էին բոլոր աշխատակիցները: