Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների արդյունքում առաջացած տնտեսության փոփոխությունները չեն կարող չազդել Հայաստանի տնտեսական աճի վրա, պնդում է ՀՀ ԿԲ նախկին նախգահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Համապատասխան Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ ՌԴ տնտեսության աճը 2014թ-ին կազմելու է 0,2%, ինչը ակնկալվում է նաև հաջորդ տարիների համար և հետևաբար սա չի կարող չազդել ՀՀ տնտեսության վրա:
«Ազգային վիճակագրական ծառայության 8 ամիսների համար հրապարակած ցուցանիշները նախորդ տարվա 8 ամիսների համեմատ աճել են 4.1%-ով, բայց ինչո՞վ է սա ապահովվել. արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.9%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5.7%-ով»,- ասում է տնտեսագետը:
Բագրատ Ասատրյանը ընդգծեց, որ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն ունեն նաև արտասահմանից եկող տրանսֆերտները, որոնք սակայն այս տարի զգալիորեն կրճատվել են:
«Իմ կարծիքով այս տարի մենք ունենալու ենք զրոյական տնտեսական աճ, իսկ Հայաստանի համար 2%-ը նույնպես զրո է: Տարին կամփոփենք լավագույն դեպքում 2,5% տնտեսական աճով, որը բավարար չէ խնդիրների լուծման համար և սոցիալական պայմանների բարելավման տեսանկյունից որևէ տեղաշարժ չի լինի»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը, պրն Ասատրյանը հույս հայտնեց, որ Հայաստանը ԵՏՄ-ի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, քանի որ սա քաղաքական նախագիծ է և մեկ տարի հետո այն արդեն Հայաստանին ոչ մի օգուտ չի կարող տալ: