Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ԻԻՀ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերևույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող ԻԻՀ քաղաքացիներին հարցաքննելու համար։
Թարգմանչին օրենքով սահմանված կարգով պարզաբանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ակնհայտ կեղծ թարգմանություն կատարելու և նախաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
Թարգմանչի ու պաշտպանի մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է կասկածյալներին, կատարել առերեսումներ, իսկ սեպտեմբերի 22-ին առաջարկել է պաշտպանին և թարգմանչին ներկա գտնվել կասկածյալի բնակարանի խուզարկությանը։
Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։
Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է: