Սեպտեմբերի 17-ին Սոֆիայի քաղաքապետի հրավերով Բուլղարիայի մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ՝ Դավիթ Գևորգյանը Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովային է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:

Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Գևորգյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Սոֆիայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը, և այդ տեսանկյունից ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է մեկ անգամ ևս վերահաստատելու երկկողմ կապերն ամրապնդելու մեր պատրաստակամությունը:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը հանդիպումներ է ունեցել նաև Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։