Մարտի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան աշխարհահռչակ   իսրայելացի շեփոկահար Սերգեյ Նակարյակովը, հայտնի դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը, որը ՀՊՖՆ-ի հետ առաջին անգամ է հանդես գալու, և հարավկորեացի դիրիժոր Ջոն Վիկտորին Յուն: Ս. Նկարյակովը կատարելու է Հայդնի թավջութակի կոնցերտը` փոխադրված շեփորի համար, իսկ Մ. Մեյերովիչի հետ միասին կատարելու են Շոստակովիչի` դաշնամուրի, շեփորի և լարային նվագախմբի համար կոնցերտը: Այդ օրը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է նաև  Բրուքների թիվ 3 սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան: Այս սիմֆոնիան ներկայացվելու է դիրիժոր Ջ. Վ. Յունի խմբագրությամբ. «Ես միշտ հիացել եմ հայ ազգի նվաճումներով, հատկապես իր երաժշտական տաղանդով և ուրախ եմ, որ ինձ ընձեռնվել է հնարավորություն ևս մեկ անգամ համերգով հանդես գալ այս վաստակավոր նվագախմբի հետ և ներկայացնել իմ խմբագրած` Բրուքների 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դիրիժորը:

Հյուրերի տպավորությունները Հայաստանից շատ լավ էին. «Այստեղ շատ ջերմ են, հնուրընկալ, իսկ նվագախմբի հետ աշխատելը ինձ համար պարզապես մեծ հաճույք է: Ես առաջին անգամ չեմ Երևանում և ուրախ եմ նորից վերադառնալ այստեղ»,-ասաց դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը: Իսկ շեփորահար Սերգեյ Նակարյակովը հիշեց Ալեքսանդր Հարությունյանի 85-ամյակին նվիրված համերգը, որից շատ էր տպավորվել և դա նրա առաջին համերգն էր նվագախմբի հետ: