ԱԺ նախագահի գլխավորած ԼՂՀ պատվիրակությունն Աբխազիայում է
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն`
մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության
արարողությանը, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայույթունը:

Նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում
քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի
աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ
Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու
հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի
ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ
ներուժը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի
փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը: