«Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը ներկայացնում է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը: Փառատոնի հիմնադիր, մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը խոսեց փառատոնի գաղափարի, նպատակների և մի շարք այլ խնդիրների մասին:
- Սեպտեմբերի 30-ին Կասկադում տեղի է ունենալու «Գութան» ազգագրական երգի և պարի փառատոնը: Ու՞մ է պատկանում փառատոնի ստեղծման գաղափարը:
- Փառատոնի գաղափարն իմն է, և այն նոր չէ, բայց այն ոչ մի կերպ չէր հաջողվում կյանքի կոչել, երկար ժամանակ է, ինչ մտածում էի այսպիսի փառատոնի մասին, երբ մեկ բեմում կմիավորվեն մեր բոլոր ազգագրական խմբերը։ Փառատոնն իրականացնում է «Մրրո » հայ ազգային երգարվեստի կենտրոնը։
- Ո՞րն է փառատոնի նպատակը:
- Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ավանդական երգն ու պարը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին: Ծրագրի հիմնական մաս են կազմելու ամբողջական Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները ներկայացնող երգերն ու պարերը` իրենց բոլոր ճյուղերով: Փառատոնի ծրագրում ընդգրկված են «Մարաթուկ» , «Սասուն» , «Ակունք» , «Կարին» , «Սասնա Ծռեր» , «Մենք ենք մեր սարերը», «Նուբար», «Վերադարձ»,«Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» ազգագրական խմբերը: Այդ օրը նույն բեմում մեր բազմավաստակ ազգագրական խմբերի կողքին ելույթ են ունենալու նաև նորաստեղծ ազգագրական խմբերը, և այս փառատոնը, ինչու չէ խթան կհանդիսանա այդ խմբերի ճանաչմանը, իսկ հանդիսատեսը կհամոզվի, որ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, ովքեր զինվորագրվել են ազգային երգի ու պարի, հայի տեսակը պահպանելու դժվարին գործընթացին: Փառատոնի ժամանակ կցուցադրվեն նաև կարճամետրաժ՝ 2-3 րոպե տևողությամբ ֆիլմեր՝/ֆիլմերը ստեղծում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը/ անդրադարձ կատարելով մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը։Այս տարի անդրադառնալու ենք Հայրիկ Մուրադյանին, Շատեր Սահակյանին, Ժորա Գևորգյանին, Ստեփան Պողոսյանին և այլոց:
- Ինչու՞ որոշվեց փառատոնը բացօթյա անցկացնել:
- Որպեսզի հանդիսատեսի քանակի սահմանափակում չլինի: Փառատոնի միջոցով, որը տեղի է ունենալու բացօթյա` Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), նպատակ ենք հետապնդում այն ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Ինչպես հայ հանդիսատեսը, այնպես էլ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգն ու պարը, որն էլ իր հերթին կնպաստի ազգային մշակույթի պահպանմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Հարկ եմ համարում նշել նաև, որ փառատոնն անցկացվելու է անվճար և յուրաքանչյուր ոք կարող է մասնակիցը դառնալ այս բացառիկ միջոցառմանը:
- Ինչո՞վ է պայմանավորված փառատոնի «Գութան » խորագիրը:
- Մեր ազգագրական երգերից շատերում է երգվում գութանի մասին, որը խորհդանշում է հային որպես արարող ազգ: Մենք հազարամյակներ շարունակ կապված ենք եղել հողի, հողագործության հետ և բազմաթիվ գութաներգեր ունենք, որոնցից մեկն էլ հենց հանդիսանալու է փառատոնի բացման երգը: Խոսքը վարդապետի՝ Կոմիտասի
« Լոռվա գութաներգ»–ի մասին է:
- Քանի՞ օր է տևելու փառատոնը և արդյո՞ք շարունակական է լինելու:
- Փառատոնը լինելու է ամենամյա: Այս տարի ընդամենը մեկ օր է լինելու, իսկ հետագայում փորձելու ենք դարձնել մեկշաբաթյան՝ սկսել Արցախից և եզրափսկել Երևանում։
- Փառատոնն իրագործելիս պետական աջակցություն եղե՞լ է:
- Այո: Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի կողմից է աջակցություն եղել: Նաև “Գաֆէսճեան” արվեստի կենտրոնի կողմից: Բազմաթիվ են եղել նաև անհատապես օգնողները, որոնց մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ և « Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի կողմից:
Զրուցեց Անուշ Զոհրաբյանը