Ադրբեջանական գերությունից վերադարձված Սարգիս Անանյանը բուժզննում է անցել Իջևանի հիվանդանոցում: Հետազոտությունների արդյունքում առանձնակի լուրջ խնդիր չի հայտնաբերվել նրա մոտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են հիվանդանոցից:
«Մեզ մոտ անցել է հետազոտություն, նրա հարազատները եկան ու տարան նրան, այժմ սպասում ենք հետագա հետազոտություններին: Առաջին հետազոտության արդյունքներով` նրա մոտ առանձնակի լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Նա մինչ գերի ընկնելն էլ, ասում են, ունեցել է ծնկի հոդային խնդիր, որն այժմ առկա է: Այս պահին ընդհանուր վիճակն ադեկվատ է, ֆիզիկական լուրջ տրավմաներ չկան»,-ասել են Իջևանի հիվանդանոցից` հավելելով, որ պետք է սպասել արյան հետազոտության արդյունքներին:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել էին իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն էր, ով հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: