«Սերժ Սարգսյանի «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը հայհոյանք չէ և Մակ-ի դահլիճն այնքան բան է տեսել, որ սա զարմանալի չէ»,- սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Դա ընդամենը իդիոմատիկ արտահայտություն է, որ բավականին լավ թարգմանվել էր անգլերեն: Հայհոյանք ես այնտեղ չեմ տեսնում: Մեկին կարող է դուր գալ, մյուսին ոչ»,- ասել է պատգամավորը: Ընդդիմադիր պատգամավորը հավանել և պաշտպանել է նախագահի արած բոլոր արտահայտությունները, ինչպես նաև մեկնաբանել որպես փորձագետ:

Հիշեցնենք, որ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների մասին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»: