Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ իր կուսակիցներն իրավունք չունեն վրան տեղադրեն Ազատության հրապարակում այնքան ժամանակ, մինչև ՀՀ ոստիկանապետն անձամբ իր թույլտվությունը չի հայտնել:
«Այլևս երբեք չդիմեք այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետը, հաշվի առնելով իմ առողջությունը, այդ վրան թույլ կտա տեղադրելու: Երբ ոստիկանապետը հարմար գտնի, երբ խիղճը շարժի և իմ առողջությունը պահանջի, այդ ժամանակ էլ թող ինքը ոստիկաններին վրանը տեղադրելու թույլտվություն տա, մինչ այդ այս հարցը փակված է»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ միանգամայն անընդունելի է ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ:
«Եթե երբևէ եղել է սադրանք, դա եղել է իշխանության բուրգը սպասարկող մարզպետների, պետերի կողմից, բայց ոչ մեր քաղաքացիների կողմից»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե «Ժառանգություն» խմբակցությունն արդյո՞ք պատրաստ է վայր դնելու իր մանդատները ԱԺ-ում, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հետայսու ես մեկնաբանելու եմ մի մարդու խոսքերը, դա Սերժ Սարգսյանի խոսքերն են: Փետրվարի 18-ից հետո համազգային մոդելը փոխվել է` հաղթել է քաղաքացին, սրանից հետո կուսակցական խաղերը երկրորդական են դառնում»:
Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ անգամ ևս Հովհաննիսյանը հանդիպի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ հարցը ուղղեն ԲՀԿ-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ չի պատրաստվում մեկնաբանել ՀՀԿ-ականների կողմից հնչող կարծիքներին:
«Ինձ չեն հետաքրքրում ՀՀԿ-ի կարծիքները, հատկապես նրանց, ովքեր Նժդեհի կենացն են խմում, բայց չեն տիրապետում Սահմանադրությանը»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ այսօր դերասան Վարդան Պետրոսյանը պետք է հանդիպեր ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, սակայն վերջինիս բուհի ղեկավարությունն արգելել է մտնել շենք:
«Կեցցե ազատ և անկախ Հայաստանը»,-հավելեց Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ վաղը ասուլիս չի լինելու, փոխարենը ժամը 17:00-ին հանրահավաք է տեղի ունենալու, որտեղ էլ հավանաբար կուսակցության առաջնորդը կներկայացնի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու իրենց ձևաչափը: