«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում նոր ու բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանության դեմ է դուրս եկել և իշխանության համար պայքարում է մի ուժ, որը պատրաստվում է մարդկային ռեսուրսների «դեմ» մարդկային ռեսուրս «հանել», փողին փողով հակակշռել, իսկ ուժին` ուժով: Աբովյան քաղաքում նախօրեին կայացած եռյակի հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ էին մասնակցում, և այն կազմակերպել էր ոչ միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանն (Շշերի Մելո) էր հանրահավաքին մարդ «բերել»:
Նա իր շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր մեկ մարդու պես համախմբվել ու տաքսիներով «իջել» են հանրահավաքի: Բնականաբար, կային նաև փողով ներկայացածներ: Իսկ ինչ վերաբերում է ուժին, ապա այն առավել ցցուն կդրսևորվի, թերևս, հոկտեմբերի 10-ին, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ բացված ազատամարտիկների երկու միավորումները կմիանան եռյակի «շարժմանը»: Այնպես որ` հետաքրքիր իրավիճակ է սպասվում ԲՀԿ-ի և նրա շուրջ խմբված ուժերի ու իշխանության կռվում»:
Մանրամասները՝ թերթի համարում: