Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ նախադեպը չունեցող հրաշալի միջոցառում. Հայ ազգային երգն ու երաժշտությունը հնչեցին քաղաքամայր Երևանի հենց սրտում: «Գութան » երգի-պարի առաջին համահայկական փառատոնի նախաշեմին կազմակերպված միջոցառումը մի քանի տասնյակ շնորհալիների պարի ուղեկցությամբ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) սկիզբ առավ և հասավ մինչև Հանրապետության հրապարակ՝ անցնելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մոսկվա կինոթատրոնի մոտակայքով:
Բազմաթիվ հայ և օտարազգի անցորդներ մեծ հաճույքով միացան միջոցառման մասնակիցներին և աննկարագրելի ոգևորությամբ ժամեր շարունակ երգեցին մեր ազգագրական չքնաղ երգերն ու ազգային երաժշտական գործիքներով ուղեկցվող բարձր երաժշտության ներքո պարեցին՝ չցանկանալով լքել Հանրապետության հրապարակը նույնիսկ միջոցառման ավարտից հետո:
Միջոցառման նպատակը հասարակության ուշադրությունը սևեռելն էր սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կայանալիք ազգագրական երգի պարի «Գութան» փառատոնին, որն իր ձևաչափով առաջինն է լինելու Հայաստանում:
Հիշեցնենք, որ փառատոնը ստեղծվել և իրականանում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի կողմից և նորաստեղծ խմբերին ճանաչելի դարձնելու, ազգագրական երգն ու պարը պահպանելու և սերունդներին փոխանցելու ազգանվեր նպատակ է հետապնդում: