Սեպտեմբերի 28-ին մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր, հայտնում է արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարեց եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:

Արարողություններին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:

Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվեց ընդունելություն:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Տիրոջ հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին:

Ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը:

Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացավ համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ: