Օգոստոսի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի ունեցավ առաջին ազգագրական երգի պարի «Գութան» փառատոնը, որը ստեղծվել և իրականություն է դարձել «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի շնորհիվ:
Բազմաթիվ անվանի և երիտասարդ ազգագրական խմբեր ներկայացան բացօթյա պարտեզում և ժամեր շարունակ անասելի հաճույք պատճառեցին հավաքված մեծաքանակ հանդիսատեսին:
«Այս փառատոնի գլխավոր նպատակը հայ ազգագրական երգը և պարը պահպանելն է, արդեն կայացած և երիտասարդ խմբերին միևնույն վայրում հավաքելը և միասնական դարձնելն է: Կարծում եմ սա հիանալի առիթ է յուրաքանչյուր հայ մարդու համար լրացնելու այն հոգևոր արժեքների պակասը, որն առկա է մեր իրականության մեջ: Սա առիթ է նաև օտարազգի զբոսաշրջիկների համար, ովքեր ակամայից ականատեսը կդառնան այս բացառիկ միջոցառման և կճանաչեն մեր ազգային երգն ու պարը». – նշում է փառատոնի կազմակերպիչ, ազգագրական երգիչ Արսեն Գրիգորյանը:
Միջոցաման մասնակիցների և հանդիսատեսի թվում էի նաև արվեստի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսը չկարողացան զսպել իրենց ոգևորվածությունը և հիացմունքը:
Գագիկ Գինոսյան.
«Վերջին շրջանում ցավալի տարանջատում է նկատվում ժամանակակից մշակույթի և ազգային ինքնագիտակցության մեջ, իսկ այդ բացը անպայման պետք է լրացվի և պետք է լրացվի հենց այսպիսի միջոցառումների միջոցով: «Գութան» փառատոնի կարևորությունը շատ մեծ է նաև սերունդներ դաստիարակելու և հայապահպանման դժվարին ընթացքն իրականություն դարձնելու գործում: Անչափ շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներից և ողջունում են նրանց կատարած հայանվեր աշխատանքը»:
Լեյլա Սարիբեկյան.
«Մեր ժողովուրդն իսկապես ծարավ է այսպիսի համախմբվածությանն ազգային մշակույթի շուրջ: Հատկապես ազգային երգն ու պարը շատ են պետք յուրաքանչյուրիս, քանի որ կամա, թե ակամա տանում են դեպի մեր արմատները: «Գութան» փառատոնն ի սկզբանե ստացված է եղել, որովհետև նպատակները համընկել են հայ ժողովրդի ցանկության հետ: Այսօր տոն է Երևանում, տոն է հայ մարդու համար»:
Արա Գևորգյան.
«Մեծ ուրախությամբ ողջունում եմ Արսեն Գրիգորյանի և մնացած բոլոր կազմակերպիչների կատարած աշխատանքը: Կարծում եմ նման փառատոնները ոչ թե ցանկալի, այլ պարտադիր են բոլորիս համար: Պետք է լինի նաև հայ նվագարանների փառատոն և այլ փառատոններ ևս, որոնց շնորհիվ մեր ազգային մշակույթը քայլ-առ-քայլ առաջ կգնա և ճանաչելի կդառնա ողջ աշխարհին»:
Համլետ Գևորգյան.
«Ազգային երգն ու պարը մեր բուն կյանքն են ներկայացնում և փաստորեն իզուր չեն դարեր շարունակ մեր երաժշտահավաքները պահպանել և սերնդեսերունդ փոխանցել այն գոհարները, որոնք ներկայացվեցին փառատոնի շրջանակներում: «Գութան» փառատոնը միանշանակ համարում եմ ստացված և շատ եմ կարևոր նրա դերը յուրաքանչյուր հայի կյանքում: Հիանալի կլինի, եթե այս փառատոնը դառնա ամենամյա»:
Մեր հայկական ազգային իսկական երգը և պարն իսկապես պակասում էին մեր կյանքում: Դրա վառ ապացույցը հայ մարդկանց ուրախությունն ու ոգևորվածությունն էր, ովքեր արյան կանչով ներկա էին «Գութան» ազգագրական երգի պարի առաջին փառատոնին:
պատրաստեց Անուշ Զոհրաբյանը