Հովիկ Աբրահամյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հանդիպում է ունեցել կառավարության շենքի դիմաց հավաքված ցույցարարներից երեքի հետ, և ծանոթացել առևտրականների փաստաթղթային խնդիրներին: Վարչապետը խոստացել է 3 օրվա ընթացքում քննարկել օրենքի ընդունումից առաջացած փաստաթղթավորման հետ կապված դժվարությունները և պատասխանել, թե ինչ լուծումներ կարող է կառավարությունը առաջարկել: Այս մասին հայտնեց առևտրականներից մեկը՝ Սամսոն Գրիգորյանը, ով հանդիպել էր վարչապետի հետ:
Նույն ժամանակահատվածում Գյումրիում ցույցի էին դուրս եկել տեղի առևտրականները Շիրակի մարզպետարանի առաջ: Նրանք պահաջում էին հանդիպում մարզպետի հետ, սակայն, Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է առևտրականների հետ հանդիպումից: Գյումրիի ոստիկանները փորձեցին քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, սակայն, արվեց դա հրմշտելով ու ստիպողաբար, որից էլ առևտրականները բախում ունեցան ոստիկանության հետ:
Իսկ ԱԺ-ի նիստում կրկին անարդյունավետ էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումը: «Մենք հույս ունեինք, որ կառավարությունը փոխզիջումների կգնա, սակայն դա տեղի չունեցավ: Իշխող հանրապետական կուսակցությունը լիովին սատարեց կառավարությանը»,- իր խոսքի մեջ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Փաստորեն «Շրջանառության հարկի մասին» օրենքը ԱԺ-ում մտավ «փակուղի»: