Հ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի` հոկտեմբերի 7-ին, նշվում է «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի և մեծարման դրսևորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ` արդեն հինգերորդ տարին անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Ավանդույթի համաձայն, այս տարի այն ևս կնշվի հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-23:00-ն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ բաց կլինեն ընթերցողների համար:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: