«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում: Սեպտեմբերի 30-ին՝ որպես վենդետայի դրսևորում, Երևանի Սարալանջ փողոցում կրակոցներ հնչեցին:
Երևանում շատերն են ծանոթ ՀՀ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակից Ռոբերտ Կայֆաջյանի, Կենտրոնի հարկային տեսչության պետ, «Մետելիցա» ռեստորանի սեփականատեր Կարեն Կարապետյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի, աներորդու, ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Սուրենի և մյուսների լկտի պահվածքին:
Շատ օբյեկտներ մտնելիս նրանք իրենց հետ երաժիշտ են տանում, որ հատուկ իրենց համար նվագի, ակումբի պարուհիներին ստիպում են բացառապես իրենց համար պարել, արհամարհում են քաղաքացիներին և այսպես շարունակ:
Եվ երբ «Շառլոտ»-ում նախկին ոստիկան Արամ Հարությունյանի թիմակիցների կողմից ծեծի են ենթարկվել խուլիգանությամբ աչքի ընկած պետական պաշտոնյաները, մաքսայինի Ռոբերտ Կայֆաջյանը սպառնացել է, թե այսպես չի թողնելու և վրեժ է լուծելու: Ինչպես երևում է՝ խոստումը չի ուշացել, և իրավաբանական տերմինալոգիայով ասած՝ կենցաղային պատճառներով սկսված այս վեճից մեկ ամիս անց «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի եղբոր` Արամ Հարությունյանի որդու վրա անհայտ անձիք կրակեցին: 21-ամյա Լևոն Հարությունյանը ոտքի շրջանում ստացած հրազենային վերքով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Թեև խոսվում էր, որ Լևոնին դիպած գնդակների թիկունքում «աղջկա պատմություն» է եղել, այնուամենայնիվ, իրականում այն կարծես թե հենց վրեժի դրսևորում էր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: