«Հրապարակ» թերթը գրում է.

«Քառյակի մարզային այցելությունները փորձություն են լինելու որոշ մարզպետների համար: Իշխանությունն առանց այն էլ, որոշ տեղեկություններով, մտադիր է ամրացնել ոչ միայն խորհրդարանի «խրամատները», այլև մարզային` սահմանադրական փոփոխություններին և Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականությանն ընդառաջ: Փաստորեն, սկսել են Սյունիքի մարզից: Խոսվում է, որ «ուժեղացման» ենթակա են հատկապես Արագածոտնի և Լոռու մարզերը: 

Ի դեպ, տեղեկություններ կան, որ մի առվով չեն գնում նաև Հովիկ Աբրահամյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ջրերը, թեպետ վերջինը, յուրայինների գնահատականով, քիչ մարզպետներից է, որ սեփական միջոցներն է նաև ծառայեցնում ի շահ մարզի: Բանն այն է, որ այս պաշտոնին վերադառնալու հավակնություններ ունի Հովիկ Աբրահամյանի ընկեր հայտնի Ուդոն՝ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Եվ ընդհանրապես, բոլոր մարզպետներն են անհանգիստ: Անգամ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որ վերջերս է նշանակվել, մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ չի կարողացել թաքցնել իր խուճապը՝ համայնքապետերին հորդորել է շատ լավ աշխատել, ժամանակին բոլոր հարկերը վճարել ու միառժամանակ կանգնել ժողովրդի կողքին այնպես, ինչպես պետությունն է կանգնում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: