«Առավոտը» գրում է.
«Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, աստվածաշնչից վերցրած ժամկետն է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչև որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր մարդկանց մեջից հանել ստրկության ոգին: Այդ վարկածը համահունչ է նաև իմ ընկերոջ կանխատեսմանը:
Ինչո՞ւ 40 տարի: Հավանաբար, այն պատճառով, որ դա մի մարդու ակտիվ գործունեության ժամկետն է: Կոնկրետ մեր դեպքում, նրանք, ովքեր 1991թ.-ին ուժերի ծաղկման շրջանում էին՝ 30-40 տարեկան, 2031թ.-ին հասարակական լուրջ դեր չեն խաղա: Դա կլինի նրանց ժամանակը, ովքեր ծնվել են 1991թ.-ից հետո:
Այդ սերնդի և մեր տարբերություններն ակնհայտ են՝ նրանք չեն տեսել համահարթեցման և ճնշման այն մեխանիզմները, որոնք գործում էին մեր պատանեկության և երիտասարդության տարիներին: Նրանց համար հենց սկզբից պետական էր եռագույն դրոշը, ոչ թե մուրճ-մանգաղավորը, որը մարմնավորում էր ինչ-որ անհասկանալի դասակարգերի հեգեմոնիա, նրանց մայրաքաղաքը Երևանն էր, ոչ թե հեռավոր Մոսկվան, նրանք ծառայել և ծառայելու են հայկական բանակում, նրանց պետական լեզուն միշտ եղել է հայերենը: Գումարած դրան՝ նրանք երբևէ խոչընդոտ չեն ունեցել որևէ տեղեկություն ստանալու համար»:
Մանրամասները՝ թերթի համարում: